Հայցի ապահովման միջոցը մեկ այլ միջոցով փոխարինելու կամ այն ձևափոխելու միջնորդությունը մերժելու մասին որոշումներն այսուհետ բողոքարկելի են

Հայցի ապահովման միջոցը մեկ այլ միջոցով փոխարինելու կամ այն ձևափոխելու միջնորդությունը մերժելու մասին որոշումներն այսուհետ բողոքարկելի են

ՀՀ սահմանադրական դատարանը 2025 թվականի նոյեմբերի 11-ի ՍԴՈ-1802 որոշմամբ կարևոր դիրքորոշում է արտահայտել ինչպես հայցի ապահովման ինստիտուտի, այնպես էլ դատական ակտերի բողոքարկման իրավունքի բովանդակության վերաբերյալ՝ վերջ դնելով այն իրավակիրառ պրակտիկային, որով հայցի ապահովման միջոցը մեկ այլ միջոցով փոխարինելու կամ արդեն կիրառված միջոցը ձևափոխելու մասին միջնորդության մերժումը համարվում էր վերաքննության կարգով անբողոքարկելի։
Հարցի սահմանադրականության գնահատման հիմքում դրվել է Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի ձևակերպումը, համաձայն որի՝ վերաքննության կարգով բողոքարկման են ենթակա, մասնավորապես, հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու և հայցի ապահովումը վերացնելու մասին որոշումները, մինչդեռ դրանում բառացիորեն առանձին նշված չեն հայցի ապահովման արդեն կիրառված միջոցը մեկ այլ միջոցով փոխարինելու կամ այն ձևափոխելու մասին միջնորդությունը մերժելու վերաբերյալ որոշումները։
Արդյունքում,  361-րդ հոդվածին տրված տառացի մեկնաբանության հետևանքով այդպիսի որոշումների դեմ բերված վերաքննիչ բողոքների ընդունումը իրավակիրառ պրակտիկայում բացառվում էր։ 

Անդրադառնալով նորմի սահմանադրականությանը, ՀՀ սահմանադրական դատարանը խնդիրը դիտարկել է ոչ թե բացառապես դրա տառացի ձևակերպման, այլ արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի սահմանադրական բովանդակության տեսանկյունից։
Դատարանը ընդգծել է դատական ակտի բողոքարկման իրավունքի հիմնարար նշանակությունը՝ արձանագրելով.
«դատական պաշտպանության իրավունքի արդյունավետության սահմանադրաիրավական որակը երաշխավորող բաղադրիչը, ի թիվս այլնի, նաև դատական ակտի բողոքարկման իրավունքն է, որը մի կողմից՝ ապահովում է դատական սխալների բացահայտման և շտկման գործիքակազմի կիրառմամբ անձի իրավունքների լիարժեք դատական պաշտպանությունը՝ իբրև խախտված իրավունքների վերականգնման գործնական միջոց, մյուս կողմից՝ երաշխավորում է դատական իշխանության ներսում ինքնավերահսկման մեխանիզմի գործունակությունը»։ 
ՍԴ-ն փաստել է նաև, որ բողոքարկման իրավունքն ունի նաև ավելի լայն՝ համակարգային նշանակություն. այն նպաստում է դատական սխալների ուղղմանը, դատական պրակտիկայի միասնականությանը և, ի վերջո, արդարադատության համակարգի նկատմամբ հանրային վստահության բարձրացմանը։ 
Այս տրամաբանությունից ելնելով՝ Սահմանադրական դատարանը շեշտել է, որ բողոքարկելի դատական ակտերի շրջանակի որոշումը և դրանց վերաբերյալ իրավակիրառ պրակտիկան չեն կարող ձևավորվել հիմնարար իրավունքներից կտրված։ Դատարանի ձևակերպմամբ՝ բողոքարկման ենթակա ակտերի շրջանակի օրենսդրական որոշակիացումը, ինչպես նաև դրանց մեկնաբանումն ու կիրառումը «մշտապես պետք է խարսխվեն մարդու իրավունքների պաշտպանության, դատական պաշտպանության արդյունավետության ապահովման և արդար դատաքննության իրավունքի կենսագործման վրա», իսկ բողոքարկման իրավունքի սահմանափակումները պետք է լինեն սահմանադրաչափ։ Արդյունքում ՀՀ սահմանադրական դատարանը եկել է այն եզրահանգմանը, ըստ որի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որի համաձայն՝ հայցի ապահովման մեկ միջոցը մեկ այլ միջոցով փոխարինելու կամ այն ձևափոխելու միջնորդությունը մերժելու մասին որոշումը ենթակա է բողոքարկման վերաքննության կարգով: 
ՍԴՈ-1802 որոշումն ունի առանցքային նշանակություն՝ ձևակերպելով կարևոր ուղերձ իրավական նորմերի կիրառման և մեկնաբանման վերաբերյալ։ Այն ընդգծում է, որ օրենքի կիրառումը չի կարող հենվել միայն դրա տառացի մեկնաբանության վրա, այլ պետք է իրականացվի նաև նորմի նշանակության և սահմանադրական արժեբանության հաշվառմամբ՝ այնպես, որ իրավունքը չմնա ձևականորեն ամրագրված հնարավորություն, այլ լինի իրականում իրացվող և արդյունավետ ձևով պաշտպանվող։